ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ստացվում է այնպես, որ պրոֆեսորադասախոսական մի ամբողջ կազմ դուրս է եկել 16-17 տարեկան երեխաների դեմ»

«Ստացվում է այնպես, որ պրոֆեսորադասախոսական մի ամբողջ կազմ դուրս է եկել 16-17 տարեկան երեխաների դեմ»
12.06.2009 | 00:00

ՔՆՆԱՇՐՋԱՆԻ ԲԱՎԻՂՆԵՐՈՒՄ
«Հայոց լեզու և գրականություն» առարկայի ավարտական և միասնական քննությունների շուրջ «Իրավունքը de facto»-ի ընթերցողների հետ իր մտահոգություններն է կիսում հայոց լեզվի և գրականության մասնագետ, հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի ուսուցչուհի, մասնագիտական գրքերի համահեղինակ ԱՆԱՀԻՏ ԳՅՈԴԱԿՅԱՆԸ:
-Տիկին Անահիտ, ինչո՞վ է պայմանավորված մայրենիի քննության շուրջ ծավալված իրարանցումը: Ինչի՞ց են հատկապես դժգոհ դիմորդներն ու նրանց շահերով մտահոգ մարդիկ:
-Սկսենք նրանից, որ անցյալ տարի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ավարտական և միասնական քննություններն անցկացվեցին միևնույն օրը: Այս տարի դրանց հատկացվել էին տարբեր օրեր: Իմ մտահոգության պատճառներից մեկը (թեև` ոչ գլխավորը) սա է: Բայց հավասարության սկզբունքը միայն այս դեպքում չէ, որ խախտվել է: «Ա» մակարդակի թեստերը տարբեր էին ավարտական և միասնական քննություն հանձնողների համար: Մի բան, որ ինձ համար հասկանալի չէ: Եթե անգամ մասնագետ չլինեի, այս քննության հետ որևէ անմիջական առնչություն ունեցող մարդ չլինեի, դարձյալ պիտի անհանգստանայի ու փորձեի հասկանալ, թե ինչ է կատարվում: Ես իմ հրապարակային ելույթով ուզում եմ օգնել այսօրվա շրջանավարտներին, դիմորդներին` պաշտպանելու նրանց շահերը, կանգնել կողքներին ու թույլ չտալ, որ ոտնահարեն նրանց իրավունքները:
-Դուք մտածում եք, որ բուհի դիմորդը և հանրակրթական հաստատությունը մի կերպ ավարտողը պիտի հանձնեն բարդության միևնույն մակարդակն ունեցող քննությո՞ւն:
-Ո՛չ, այդպես չեմ մտածում: Դիմորդի համար առավել բարդ քննություն անցկացնելու համար գոյություն ունի «Բ» մակարդակը՝ կազմված 30 հարցից: Այդ հարցերը գումարվում են «Ա» մակարդակի հարցերին, ու դրանով արդեն իսկ բարդանում է դիմորդի առաջադրանքը: Էլ ի՞նչ կարիք կա բարդացնելու նաև «Ա» մակարդակի առաջադրանքները: Չէ՞ որ «Ա» մակարդակի գնահատականը նշանակվում է որպես ավարտական քննության գնահատական, իսկ «Ա» և «Բ» մակարդակների գնահատականների հանրագումարը՝ որպես բուհի ընդունելության գնահատական:
-Թեստերի բարդությունից բացի, ուրիշ ի՞նչ հանգամանքներ են վրդովել Ձեզ և ստիպել հրապարակավ հայտնելու Ձեր դժգոհությունը:
-Վրդովվելու պատճառներն սկսվել են դեռևս 2007 թվականից: Երբ 2006 թվականին քննություններն սկսեցին անցկացվել թեստային եղանակով (հեղինակներ` Դավիթ Գյուրջինյան, Նարինե Հեքեքյան), մասնագիտական հանձնախմբի անդամները հասկանում էին, որ սա նոր համակարգ է, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի ցայտնոտի մեջ չընկնեն ո՛չ մասնագետները, ո՛չ դիմորդները, ո՛չ էլ նրանց ծնողները: Գլխավոր խնդիրը հին համակարգից նոր համակարգին անցման սահունությունն ապահովելն էր: Փորձ արվեց բուռն կրքերի, հույզերի, անհանգստությունների տեղիք չտալ, բայց այդ մատչելի, դյուրըմբռնելի թեստերին մեկ տարի անց փոխարինեցին թռիչքային բարդացումներ պարունակող թեստեր: Մեկ տարվա տարբերությամբ դպրոցն ավարտող երեխաների միջև, բնականաբար, գիտելիքների, մակարդակների այնպիսի մեծ տարբերություն չկար, որ դրանով հնարավոր լիներ բացատրել 2007-ին առաջարկված թեստերի բարդությունը: Հասկանալի է, որ երեխաները չպիտի հաղթահարեին տրված առաջադրանքների պահանջները: Եվ ծայր առավ դժգոհությունների ալիքը: Այդ տարվա թեստերը կազմող մասնագետների դեմ ներկայացվեց հինգ կետից բաղկացած բողոք (բողոքողներից մեկն էլ ինքս էի), որի արդյունքում հնարավոր եղավ փոխել որոշ գնահատականներ` հօգուտ դիմորդների: Հաջորդ տարի՝ 2008-ին, ավելի բարդացան թեստերը: Ես այսպիսի մի միտում եմ նկատում թեստերի հեղինակների մոտ. որքան բարդ են թեստերը, այնքան որակով են: Իրականում այդպես չէ: Ընդհակառակը, որքան բարդ են, այնքան անորակ են: Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Մենք, ի վերջո, քննությո՞ւն ենք անցկացնում, թե՞ մասնագիտական վեճ, մասնագիտական մրցույթ ենք կազմակերպում: Ստացվում է այնպես, որ պրոֆեսորադասախոսական մի ամբողջ կազմ դուրս է եկել 16-17 տարեկան երեխաների դեմ ու նրանց ներկայացնում է անհաղթահարելի պահանջներ: Բերեմ կոնկրետ օրինակ (իսկ այդպիսիք քիչ չեն): Բայի սեռը քերականության ամենախրթին, վիճահարույց հարցեր պարունակող բաժիններից մեկն է: Համաձայն հանրակրթական ծրագրի՝ այս տարի ուսուցիչը կարող էր այդ բաժինն ուսուցանել՝ սեփական հայեցողությամբ: Բայց քննական թեստերում այդ թեմայից ընդգրկված էին հարցեր և ձևակերպված էին այնպիսի խճճվածությամբ ու բարդությամբ, որ երեխան չպիտի կարողանար գլուխ հանել: Առհասարակ, շատ վրդովեցուցիչ են հարցերի ձևակերպումները: Երեխան, նախ, բավական ժամանակ է կորցնում՝ հասկանալու համար, թե ինչ է իրենից պահանջվում, իսկ երբ վերջապես հասկանում է, այդ դեպքում էլ շատ հաճախ պահանջվող պատասխանը չի գտնում, որովհետև տվյալ առաջադրանքը դուրս է դպրոցական ծրագրի շրջանակներից:
-Լա՛վ, այս վիճակի մեղավորներն ովքե՞ր են, ըստ Ձեզ. թեստերի հեղինակնե՞րը, ԿԳ նախարարությո՞ւնը, գնահատման և թեստավորման կենտրո՞նը, կրթական համակարգ ներմուծված եվրաստանդարտնե՞րը, թե՞ պետք է մեկ այլ տեղ փնտրել մեղավորներին:
-Երբ Լևոն Մկրտչյանն առաջին անգամ նշանակվեց նախարար, քննություններն անցկացվում էին բազում վրիպակներ ու սխալներ պարունակող չարաբաստիկ «Շտեմարաններով»: Այնտեղ կար 2.6 բաժինը, որը բառակազմական խրթին առաջադրանքներ էր պարունակում: Դրա դեմ բողոքներն այնքան շատ էին, որ Լեզվի հանրապետական մեթոդխորհրդի կողմից (որի անդամն եմ նաև ես) առաջարկ եղավ հանել այդ բաժնի առաջադրանքները քննաթերթիկներից: Ի պատիվ նախարարի` պիտի ասեմ, որ նա լսեց մեզ, հասկացավ խնդրի կարևորությունը, և առաջադրանքները հանվեցին: Մարդիկ դա չմոռացան, նրանց վիրավորել էր այն հանգամանքը, որ մերժվել էին իրենց կազմած առաջադրանքները: Հաջորդ քննաշրջանում նրանք վերականգնեցին այդ առաջադրանքները: Մասնագիտական մի խմբով, որի մեջ ընդգրկված էինք ես, Դավիթ Գյուրջինյանը, Նարինե Հեքեքյանը, Գայանե Խալաթյանը, Երազիկ Բադալյանը (ի դեպ, ես հիմա լիազորված եմ խոսելու հենց այդ խմբի անունից), աշխատեցինք գնահատման և թեստավորման կենտրոնում, կազմեցինք 2006-ի քննական թեստերը: Դրանք շատ պարզ, հասկանալի առաջադրանքեր էին և այդ տարի բարեհաջող գործեցին ընդունելության քննությունների ժամանակ: Հետո մարդիկ մտածեցին, որ այդպիսի պարզ առաջադրանքներ չի կարելի ներկայացնել դիմորդներին: Պետք է անպայման խճճել, թռիչքային բարդացումներ մտցնել, որպեսզի երեխաները չկարողանան հաջող քննություն հանձնել: Ես այս դեպքում ուրիշ բացատրություն չեմ գտնում: ՈՒզում եմ հասկանալ, թե ո՞ւմ է ձեռնտու այս վիճակը, ինչո՞ւ չի կանխվում այս երևույթը: 2007-ին կազմված թեստերի դեմ մեծ բողոքներ եղան, 3000 բողոքարկում գրանցվեց: Ինչո՞ւ նախարարը, քաջատեղյակ լինելով այս ամենին, քայլեր չձեռնարկեց՝ շտկելու համար վիճակը: Ինչո՞ւ դարձյալ մասնագետների այդ նույն խումբը ձեռնամուխ եղավ թեստերի կազմման աշխատանքներին, օժտվեց անսահմանափակ լիազորություններով և է՛լ ավելի բարդացրեց դիմորդների վիճակը: Երբ մի հսկա բանակ բողոքում է այդ խմբի դեմ, բազմաթիվ հոդվածներ ու հրապարակային ելույթներ են լինում, ինչո՞ւ նախարարը (ես նկատի չունեմ կոնկրետ այսօրվա նախարարին, նա նոր մարդ է) ոչ մի քայլ չի ձեռնարկում: Ես չեմ ուզում կոնկրետ անուններ տալ (այդ անուններն առանց ինձ էլ վերջին օրերին շրջանառվում են մարդկանց զրույցներում, նրանց կատարած անօրինականությունները դարձել են բուռն քննարկումների թեմա), ինձ զայրացնում է երևույթը: Մոտենում է հունիս ամիսը, երեխաներն ընկնում են սթրեսի մեջ: Ահաբեկված, սարսափած սպասում են քննություններին՝ որպես մեծագույն փորձության: Լուրեր են տարածվում, թե թեստերի հեղինակներն այնպիսի առաջադրանքներ են կազմել, որ միայն իրենք ու իրենց դիմորդները կարող են լուծել: Այս ամենը շատ վիրավորական է թե՛ մասնագետներիս, թե՛ ամբողջ հանրության համար: Ի վերջո, մենք ի՞նչ ենք ուզում մեր երեխաներից: Արդյո՞ք այս կերպ գիտելիք է ստուգվում: Առաջադրանքներում բերվում են այնպիսի նախադասություններ, որոնցից մեկը պարտադիր ծուղակ է: Ոչ մի առաջադրանք չի կազմված պարզ, հասկանալի սկզբունքով: Բացի այդ, այսօրվա թեստերն անորակ են: Եթե 80 հարցից բաղկացած թեստում 10-12 հարց արդեն վիճարկվող է, արդյո՞ք սա ցածր որակի ցուցանիշ չէ: Ինձ մտահոգողն այն միտումն է, որով անցկացվում են քննությունները: Խնդիրը, կարծում եմ, մարդկանց որոշակի խմբի մեջ է ու նաև այն միտումի, որով առաջնորդվում են նրանք: Խումբը կարող է և փոխվել, իսկ միտումը կշարունակվի:
-Իսկ ինչպիսի՞ն է հայ գրականության հարցաշարը:
-Նույնքան անհաջող: Ընդգրկված են հարցեր, որոնք դուրս են դպրոցական ծրագրից, ինչպես, օրինակ, Չարենցի «Խմբապետ Շավարշը» պոեմը, Րաֆֆու կամ Մուրացանի հոդվածները: Դա գրականություն չէ, գրականագիտություն է, իսկ երեխան դպրոցում գրականագիտական գիտելիքներ չի ստանում: Գիտենք, որ այսօրվա սերունդը չի կարդում, և լավ է, որ գրականությունից առաջադրանքներ մտցնելով քննաթերթիկներում, ինչ-որ կերպ երեխային ստիպում ենք կարդալ: Բայց չի կարելի այդ նպատակին հասնել ցանկացած մեթոդով: Այսօրվա թեստերն ավելի շատ վանում են երեխային գրականությունից, մայրենիից: Գրականությունն առհասարակ թեստով չպետք է ստուգվի: Պարզապես մարդու գործոնը բացառելու միտումով է, որ ընտրվել է այդ տարբերակը: Այդ նույն սկզբունքից ելնելով էլ վերացրին շարադրության առաջադրանքը, որը, թերևս, շատ կարևոր էր երեխայի ստեղծագործական ունակությունները, միտք շարադրելու կարողություններն ստուգելու հարցում:
-Այսինքն, կրթական բարեփոխումների ծիրում հնչեցվող դպրոց-բուհ սահմանների մերձեցման պահանջը, փաստորեն, անտեսվա՞ծ է գործնականում:
-Դպրոցի և բուհի միջև անդունդն այնքան է խորացել այսօր, որ անհնար է առանց կրկնուսույցի մոտ պարապելու բուհի ընդունելության քննություններ հանձնել: Մարդիկ փող ունեն, թե չունեն, երեխային ուղարկում են կրկնուսույցի մոտ պարապելու:
-Ըստ Ձեզ` բոլոր կրկնուսույցների դիմորդները գտնվում են հավասա՞ր պայմաններում, թե՞ թեստերը կազմողների մոտ պարապողները, այնուամենայնիվ, ունեն որոշակի շահեկան կարգավիճակ:
-Իհարկե, դիմորդներին գրավելու առումով շահեկան վիճակում են հայտնվում այն մասնագետները, որոնք կազմում են թեստերը: Ո՞վ է իրավունք տալիս հարյուրավոր դիմորդներ ունեցող մարդկանց` քննական թեստեր կազմելու: Ինչպե՞ս պիտի այս դեպքում ապահովել արտահոսքը: Այս ոլորտում մեծ անելիք ունի գնահատման և թեստավորման կենտրոնը: Ես առաջարկում եմ, որ ԳԹԿ-ում ստեղծվի բանկ, որում կհավաքվեն տարբեր մասնագետների կազմած առաջադրանքները, և համակարգչի օգնությամբ կընտրվեն քննական հարցերը: Հակառակ դեպքում ստացվում է այնպես, որ ԳԹԿ-ն կրում է ձևական բնույթ:
-Այս տարի մոտ 12 հազար դիմորդից «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությունից 20 միավոր է հավաքել միայն 12 դիմորդ: Սա ինչի՞ մասին է խոսում:
-Դա մեզ համար մեծագույն ամոթ է: Մենք պիտի հպարտանա՞նք, որ մեր երեխաները լավ չեն տիրապետում իրենց մայրենիին: Ոչ մի ազգ նման բանով չի հպարտանա, չի ուրախանա: Ես համատարած 20 միավորներին էլ կողմ չէի, բայց այս տարվա պատկերն անհանդուրժելի է: Գիտեմ, որ երեխաները հիմա ավելի շատ են պարապում, կրկնուսույցների մոտ գնում են երկու տարի: Հետևաբար, դժվար է տրամաբանական բացատրություն գտնել այս խայտառակության համար: Ո՞վ է շահում այս իրավիճակում, երբ կորչում է սերը մայրենիի նկատմամբ:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
Հ. Գ.
-«Իրավունքը de facto»-ի հաջորդ համարներում կներկայացնենք ուղեցույցի և թեստեր կազմող հեղինակների, ինչպես նաև ԳԹԿ-ի մասնագետների դիրքորոշումները խնդրի առնչությամբ։

Դիտվել է՝ 2395

Մեկնաբանություններ